Հանրակարթության նոր չափորոշիչների շուրջ քննարկումները, ըստ որի՝ «Հայ գրականություն» առարկայից «հայ» որոշիչը դուրս է մղվում, գրականության ցանկն էլ փոփոխվելու է, չեն դադարում: Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի մշտական հանձնաժողովը, ի դեմս նախագահ Մխիթար Հայրապետյանի, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այժմ ձկան նման լուռ է: Մինչ գրականագետներն ու հասարակական գործիչները բարձրաձայնում են չափորոշիչներում տեղ գտած թերություններն ու անթույլատրելի հանգամանքները, օրենսդրի ու գործադրի պատասխանատուները խոր թմբիրի մեջ են (երևի «փարթիի» են մասնակցում): «Իրատեսի» տեղեկություններով՝ առարկայի նոր չափորոշիչները նաև որոշ իմքայլականների են մտահոգում: Նրանցից ոմանք չեն խուսափում հրապարակավ քննադատելուց, նշելուց թերի ու բաց կողմերը: «Ինչու պետք է լռեմ, էնպիսի բորշ են եփել, որ մարդ կարո՞ղ է լռել: Այո, քննադատում եմ ու շարունակելու եմ նույն ոճով: Թող բարի լինեն, մյուսներն էլ խոսեն, խայտառակություն է սա, ամոթ: Մասնագիտական հանձնաժողովը հենց դրա համար է, որ կարծիք հայտնի, քննարկի, ոչ թե մտածի, թե ԿԳՄՍ նախարարությունը ծանր է տանելու քննադատությունը, ու կաշկանդվի դիտարկումներ ներկայացնելուց»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ քանի դեռ կառավարման համակարգերը նորմալ չեն երկխոսում, կաշկանդվում են միմյանց աշխատանքի վերաբերյալ հարցեր բարձրաձայնելուց, որևէ էական առաջընթաց չի լինելու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ